Անգլերենը գնալով ավելի մեծ դեր է գրավում բոլորիս կյանքում: Նույնիսկ ամենահասարակ աշխատանքի համար պահանջվում է այդ օտար լեզվի իմացություն և գրեթե յուրաքանչյուրիս մոտ առաջանում է ցանկություն սովորելու անգլերեն կամ բարելավելու անգլերենի գիտելիքները:
Այս հոդվածում ներկայացրել ենք օգտակար խորհուրդներ նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել անգլերեն տանը՝ արագ և անվճար և չունեն ժամանակ և ցանկություն կրկնուսույցների մոտ պարապելու: Հոդվածում ներկայացված խորհուրդների մեծ մասը կարելի է կիրառել նաև ցանկացած այլ լեզու սովորելու համար՝ ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն և այլն:
2021թ․ խորհուրդներ անգլերեն սովորել ցանկացողների համար
- Առաջին հերթին ձեր առջև դրեք լեզու սովորելու հստակ չափելի նպատակ: Շատերը անգլերեն սովորելիս կենտրոնանում են գործընթացի վրա, օրինակ՝ որոշելով զբաղվել անգլերենով օրական 2-3 ժամ։ Փոխարենը պետք է կենտրոնանալ նպատակի վրա: Դա կարող է լինել, օրինակ, լեզվի որևէ քննություն (TOEFL, IELTS, …) հանձնելը և որոշակի բալ հավաքելը: Կոնկրետ նպատակին հասնելը ավելի հեշտ կլինի, իսկ ցանկացած պահին փորձնական քննություն հանձնելով կարող եք տեսնել լեզվի իմացության ձեր ներկայիս մակարդակը:
- Եթե լեզվի իմացության ձեր մակարդակը թույլ է տալիս՝ աստիճանաբար սկսեք նոր տեղեկատվությունը ստանալ անգլերենով: Դա վերաբերում է ամեն ինչին՝ ֆիլմերին, սերիալներին, հեռուստատեսությանը, բլոգներին և նորությունների կայքերին: Սկզբնական շրջանում դա կարող է անհարմար լինել, բայց հետո կզգաք, որ ֆիլմերը առանց թարգմանության դիտելը ավելի հաճելի է, իսկ անգլերեն գրքերը, կայքերը անհամեմատ ավելի շատ են: Անգլերեն սովորելու համար հատկապես օգտակար են անգլերեն սիթքոմները (sitcom), օրինակ՝ How I Met Your Mother, Friends, The Office, The Big Bang Theory և այլն։
- Ինչ-որ բան սովորեք անգլերենով: Օրինակ՝ նայեք ճանաչողական վիդեոներ TED-ով, գրանցվեք որևէ անվճար օնլայն դասընթացի Coursea-ի միջոցով, կարդացեք Short Facts About Armenia կայքը և ալյն: Այս դեպքում դուք և՛ կբարելավեք ձեր անգլերենի գիտելիքները, և՛ նոր հետաքրքիր տեղեկատվություն կստանաք:
- Ողջ օրվա ընթացքում պասսիվորեն լսեք անգլերեն որևէ հեռուստաալիք: Կարող եք հեռուստացույցով միացնել անգլալեզու ալիքները՝ BBC-ն, CNN-ը և այլն կամ լսել անգլերեն պոդկաստներ ու հաղորդումներ Յութուբում: Թող այդ լեզուն «աննկատ» հնչի ձեր ականջի ետևում:
- Շփվեք անգլախոսների հետ: Անգլերեն խոսացեք ձեր ընկերների (ովքեր տիրապետում են լեզվին) հետ, փորձեք գտնել նոր ընկերներ արտասահմանից: Անգլերեն սովորել ցանկացողները հաճախ կազմակերպում են հատուկ հավաքներ՝ ևս մեկ լավ առիթ անգլերենը բարելավելու և հետաքրքիր ժամանակ անցկացնելու:
- Ընկեք անգլալեզու շրջապատ: Ճանապարհորդելիս ընտրեք այնպիսի երկիր, որտեղ հիմնականում անգլախոսներ են: Եթե կարողանաք երկար ժամանակով մեկնել որևէ անգլալեզու երկիր, ապա դա ավելի լավ կօգնի բարելավել ձեր անգլերենը, քան բազմաթիվ վճարովի դասընթացները:
- Զբաղվեք արտասահմանյան կապեր ունեցող բիզնեսով: Իհարկե, դա այդքան էլ հեշտ չէ, բայց եթե ցանկանում եք սեփական գործ սկսել, ապա ընտրեք այնպիսի ճյուղ, որ մշտապես շփվեք արտասահմանցիների հետ: Անգլերենով տեղեկատվություն որոնելը, գործընկերների հետ շփվելը կբարելավի ձեր անգլերենը:
- Լսեք անգլերեն պոդկաստեր (podcast): Ինչպես ուղղակի տեղեկատվական, ժամանցային, այնպես էլ հատուկ անգլերեն սովորելուն նվիրված, օրինակ՝ English as a Second Language:
- Մի մոռացեք հատուկ մասնագիտացված կայքերի մասին՝ դրանց թիվը օրեցոր ավելանում է և մեծ մասից հնարավոր է օգտվել անվճար: Օրինակ՝ Duolingo, Lingualeo, Puzzle English և այլն։
- Մի վախեցեք անհաջողություններից: Քչերի մոտ է ստացվում անգլերենը սովորել միանգամից, շատ արագ: Գոյություն ունեն լեզուն սովորելու բազմաթիվ տարբերակներ, փորձեք բոլորը և գտեք Ձեզ համար ամենահարմարը: Ամենակարևորը հիշեք՝ անգլերենին, ինչպես և ցանկացած այլ լեզվի անհրաժեշտ է մշտական պրակտիկա:
Իհարկե, բացի նշված խորհուրդներից, կարող եք նաև հաճախել անգլերենի դասընթացների:
Բայց հիշեք՝ լեզու սովորելու Ձեր հաջողությունները նախ և առաջ կախված են Ձեզնից, եթե ինքներդ ջանքեր չգործադրեք, անգամ լավագույն անգլերենի մասնագետը Ձեզ չի կարող օգնել:
Մեկնաբանություններում կարող եք ավելացնել Ձեր խորհուրդները։